ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 33-րդ հանդիպումը Բուխարեստում

11 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 33-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Ռումինիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ով նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը, ելնելով սեփական տնտեսական շահերից, ջանքեր է գործադրել տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, ՍԾՏՀԿ ծրագրային օրակարգի իրականացման, կազմակերպության գործունեության արդյունավետության բարելավման ուղղությամբ:

Նշվեց, որ ՍԾՏՀԿ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, որոնք համաձայնեցվել էին հանդիպման նախօրեին կայացած ՍԾՏՀԿ անդամ երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստի ժամանակ:

Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Ռուսաստանին:
 

Տպել էջը