ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի հանդիպումը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի հետ

03 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 3-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղար Ալան լե Ռոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 7-ին նախատեսված` Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ/Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպման և ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկման հետ կապված հարցեր:

Այնուհետ ԵԱԳԾ Գլխավոր քարտուղարի խնդրանքով դեսպան Մարգարյանը հանգամանալի տեղեկատվություն տրամադրեց դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին: Անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Մտքեր փոխանակվեցին Եվրոպական Հարևանության Քաղաքականության վերանայման գործընթացի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվեցին մյուս շաբաթ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև մոտակա ամիսներին` Հորիզոն 2020 և Համատեղ ավիացիոն տարածքի համաձայնագրերին Հայաստանի միանալը: Ընդգծվեց նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու կարևորությունը:

Կողմերը քննարկեցին առաջիկայում նախատեսված փոխադարձ այլ բարձրաստիճան այցերին վերաբերող հարցերը:

Տպել էջը