Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի շնորհանդես Եգիպտոսում

08 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 8-ին Կահիրեի Միսր էլ–Գեդիդայի գրադարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն լեզվով փաստա–վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Մեկ ժամ 10 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է «Մայաթի փրոդաքշըն» ստուդիայի կողմից։ Հեղինակներն են` եգիպտացի անվանի կինոգործիչներ Մարիամ Զաքին և Մոհամեդ Հանաֆին։ 10 ամիս տևած նկարահանումները կատարվել են երեք երկրներում` Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում։ Ֆիլմում լայնորեն օգտագործվել են հարցազրույցներ, արխիվային փաստաթղթեր, տեսաժապավեններ և լուսանկարներ, ականատեսների և վերապրածների վկայություններ։

Ֆիլմի հեղինակների գլխավոր նպատակն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, մարդկության նկատմամբ այդ ոճրագործության մասին իրականությունը արաբախոս հանդիսատեսին լիարժեք կերպով ներկայացնելն է։

Ֆիլմի նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եգիպտոսի տարածաշրջանային հանձնաժողովի, Կահիրեի Հայոց առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Պրեմիերային ներկա էին Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Ալեքսանդրիայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ավգուստինոս եպիսկոպոս Քուսան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Աշոտ Մելքոնյանը, եգիպտական հանրության և եգիպտահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
 

Տպել էջը