«Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով գիտաժողով Իտալիայի Բոլոնիա քաղաքում

21 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 21-ին Իտալիայի Բոլոնիայի Ալմա Մատեր համալսարանի կողմից կազմակերպած Պատմության միջազգային փառատոնի շրջանակում անցկացվեց Հայաստանին նվիրված գիտաժողով՝ «Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով:

Գիտաժողովը կայացավ համալսարանի հնագույն և անվանի Արքիջիննազիո գրադարանում:

Գիտաժողովի բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և “Il Giorno” օրաթերթի լրագրող Մարկո Գուիդին:

Նրանք խոսեցին Հայ ժողովրդի պատմության ու քաղաքակրթության, մշակութային հարուստ ժառանգության, Իտալիայում հայերի դարավոր ներկայության, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Գիտաժողովի ավարտին կայացավ Տրեվիզոյի դպրոցների աշակերտների կողմից կատարված Հայաստանի վերաբերյալ «Հացի երգը, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը» ուսումնասիրության ներկայացումը: Որպես լավագույն հետազոտություն այն 2015թ. մայիսին արժանացել էր Իտալիայի սենատի տարեկան մրցանակին:

Միջոցառումներին ներկա էին համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 

Տպել էջը