Հայաստանը մասնակցեց Միջազգային բարեգործական տոնավաճառին Պեկինում
11 հոկտեմբերի, 2015Հոկտեմբերի 11-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Պեկինում անցկացվեց «Սերը սահման չի ճանաչում» խորագրով ամենամյա միջազգային բարեգործական տոնավաճառ, որին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը:
Միջոցառմանը ներկա էին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված շուրջ 100 դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ:
Բացման արարողությունից հետո նախարար Վան Յին այցելեց մի քանի երկրների այդ թվում՝ հայկական տաղավար: Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն արտաքին գործերի նախարարին ներկայացրեց այստեղ ցուցադրված ապրանքատեսականին, այդ թվում հայկական կոնյակը, գինին, ազգային տարատեսակ ուտեստները, հուշանվերները, Հայաստանի մասին պատմող գրքերն ու տպագիր նյութերը, որոնց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է տոնավաճառի հիմնադրամին:
Նախարար Վան Յին Չինաստանի կառավարության անունից իր խորին շնորհակալությունը հայտնեց բարեգործական ամենամյա այս նախաձեռնությանը ՀՀ դեսպանության` արդեն ավանդույթ դարձած ակտիվ մասնակցության համար:
Բարեգործական տոնավաճառի այս տարվա հասույթն ուղղվելու է Չինաստանի Յուննան նահանգի գյուղական շրջանների դպրոցների ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավելու գործին: