Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

05 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 5-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ:

Նախարարի տեղակալը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները համարվում են Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ականատես կլինենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հատկապես երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել:

Դեսպան Թումանյանը նշեց, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունները կարևոր և առանցքային են Հայաստանի համար և հավելեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային խնդիրներում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի կողմից որդեգրված հավասարակշռված քաղաքականությունը:

Արտաշես Թումանյանը գոհունակությամբ անդրադարձավ Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությանը` հավելելով, որ ստեղծված նոր իրավիճակում ջանքեր պետք է գործադրվեն` երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:

Տպել էջը