ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Մոսկվայում

22 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 22-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված 4 տասնյակից ավելի օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական և մշակույթի բնագավառի անվանի գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ համայնքի ղեկավարները, անվանի հայ հասարակական և գիտական ոլորտի ներկայացուցիչներ:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն` անդրադառնալով օրվա խորհրդին և նշանակությանը հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների համար և շնորհակալություն հայտնելով բոլոր այն դաշնակից պետություններին, բարեկամ և գործընկեր երկրներին, որոնք աջակցել են Հայաստանին` իր առջև դրված նպատակների կյանքի կոչման գործում: «ՀՀ անդամակցությունն ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրումը, ԵՄ-ի և այլ միջազգային ու տարածաշրջանային միավորումների հետ հետագա հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ձգտումը, քաղաքական և տնտեսական համակարգի կատարելագործմանն ուղղված քաղաքականության շարունակումը բխում են Հայաստանի ազգային, պետական շահերից և ուղղված են իրավական ժողովրդավարական պետության շարունակական կառուցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու նրա անվտանգության համակարգի ամրապնդմանը, որի առանցքը մեր Զինված ուժերն են», - նշեց դեսպան Եսայանը: Դեսպանը բացառիկ կարևոր գնահատեց ռազմա-քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում երկու դաշնակից պետությունների միջև օր օրի ընդլայնվող փոխգործակցությունն ու նշեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերակատարման կարևորությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ:

ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով, անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակույթի բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության ընդգրկուն շրջանակին, նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր թափ են ստացել Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության արդյունքում: «Տարեսկզբից համատեղ իրականացրած լայնածավալ աշխատանքը եվրասիական հարթության վրա արդեն իսկ տալիս է իր զգալի արդյունքները. ռուսաստանյան և հայաստանյան ընկերություններն ու քաղաքացիները օգտվում են բացառիկ առավելություններից` առևտրային, մաքսային հարաբերությունների համաժամացման և ազատականացման քաղաքականության և միգրացիոն ռեժիմի դյուրացման շնորհիվ: Համոզված եմ, որ արդեն իսկ հնգյակի կազմով ԵԱՏՄ-ն նորանոր հաջողություններ կարձանագրի ինտերգրման հետագա փուլերում», - նշեց ՌԴ ԱԳՆ պետքարտուղարն` ընդգծելով նաև հայ-ռուսական հարաբերությունների կենսունակ և արագընթաց զարգացող բնույթն ու երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջև հաստատված փոխվստահելի հարաբերությունների կարևորությունը:

Ընդունելությունն ուղեկցվեց սիմֆոնիկ նվագախմբի կողմից հայ դասականների գործերի կատարմամբ և Հայաստանի տեսարժան վայրերի մասին տեսանյութի ցուցադրմամբ: Միջոցառումը շարունակվեց նաև Հայորդաց տան «Հայասա» պարային համույթի համերգային կատարումներով: Հյուրանոցային համալիրի դահլիճում կազմակերպվել էր հայ անվանի քանդակագործ-գրաֆիկ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Հարությունյանի աշխատանքների և հեղինակած մոնումենտալ կառույցների լուսանկարների ցուցադրությունը: 

Տպել էջը