ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բեյրութում

22 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 22-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Լիբանանի Ազգային ժողովի նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր Մոհամեդ Կաբանին, Լիբանանի վարչապետի ներկայացուցիչ, Էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, ԱԳ նախարարի ներկայացուցիչ, դեսպան Միրա Դահերը, ներկա և նախկին նախարարներ և պատգամավորներ, Լիբանանում հավատարմագրված մոտ երեք տանսյակ օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական կուսակցությունների, կրոնական համայնքների առաջնորդներ և ներկայացուցիչներ, մտավորականներ, լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, ՅՈԻՆԻՖԻԼ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ սպաներ, գործարարներ, բազմաթիվ հյուրեր:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ներկայացրեց անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին և ունեցած հաջողությունները, անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ներկա մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային անվտանգության ամրապնդման, խաղաղության հաստատման, արդարության վերականգնման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի մի շարք նախաձեռնություններին, որոնք արժանացել են միջազգային հանրության աջակցությանը: Որպես օրինակ` դեսպանը նշեց ս/թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձևը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին` դեսպան Քոչարյանը գոհունակությամբ ընդգծեց Լիբանանի և Հայաստանի միջև բարձր քաղաքական երկխոսության առկայությունը, որն ամրապնդվեց ընթացիկ տարում Հայաստանի և Լիբանանի արտաքին գործերի նախարարների փոխայցելություններով և ՀՀ պաշտպանության նախարարի` Լիբանան կատարած այցով: Դեսպանը շեշտեց լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ կրկին շնորհակալություն հայտնելով Լիբանանի խորհրդարանին և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև երեկոյին ներկա օտարերկրյա դեսպաններին, որոնց երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և օգնության ձեռք մեկնել ոճրագործությունից փրկված հայորդիներին:

Տպել էջը