Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապեի հետ

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույնները և շնորհավորանքները մուսուլմանների սրբազան Էիդ ալ Ադհա տոնի կապակցությամբ:

Ի պատասխան նահանգապետը ևս շնորհավորեց և իր բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի եղբայրական ժողովրդին` անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը և վստահեցրեց, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանց կյանքի կոչման գործընթացի խթանմանը:

Հանդիպմանը քննարկվեցին մայրաքաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր, խոսվեց տարատեսակ ոլորտներում փոխգործակցության ամրապնդման և զարգացման մասին, երկուստեք ընդգծվեց իրավապայմանագրային բազային խորացման անհրաժեշտությունը:

Հատուկ կարևորվեց Երևանի և Էլ-Քուվեյթի քույր քաղաքներ դառնալու մասին պայմանագրի ստորագրումը, ինչն Ալ Մուհաննան առաջարկեց իրականացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջիկա այցի ընթացքում: Այս կապակցությամբ մայրաքաղաքի նահանգապետը հույս հայտնեց, որ պարոն Մարգարյանի այցն էլ ավելի կնպաստի երկու մայրաքաղաքների միջև համագործակցության սերտացմանը բազում ուղղություններով: Սաբեթ Ալ Մուհաննան նշեց նաև, որ լավատեղյակ է և մեծ ակնածանքով է վերաբերվում հայկական մշակույթին, և հնարավորության դեպքում ինքը ևս հաճույքով կայցելի Հայաստան:

Նահանգապետի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան ներկայացրեց Քուվեյթում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Տպել էջը