«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով

05 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 5-ին «Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով:

Նվագախումբը ղեկավարում էր բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացավ իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի Սինոպոլի դահլիճում:

Համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Նախքան համերգի մեկնարկը Սինոպոլի լեփլեցուն դահլիճում հանդիսատեսներին ողջույնի խոսքով դիմեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա կարևորեց երաժշտության դերը համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում՝ նշելով, որ  «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելեց, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ  ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է:

Համերգի ժամանակ հնչեցին Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իտալացի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի  ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը լայնորեն անդրադարձան իտալական առաջատար մամուլն ու հանրային հեռուստատեսությունը:

 

Տպել էջը