ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներն այցելեցին Ռոստովի ատոմակայան

24 հուլիսի, 2015

Ս.թ. հուլիսի 22-ից 24-ը ՌԴ ԱԳՆ, ՌԴ Վիեննայի ՄԱԿ-ի կառույցներում մշտական ներկայացուցչության և Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրություն «Ռոսատոմ» ընկերության հրավերով ՌԴ Վոլգոդոնսկ քաղաքում գտնվող Ռոստովի ատոմակայան այցելեցին ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչները:

Պատվիրակության կազմում էին ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը և մի շարք երկրների դեսպաններ, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, «Ռոսատոմ» ընկերության ղեկավարությունը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ և փորձագետներ:

Այցի շրջանակներում դեսպան Արման Կիրակոսյանն իր ռուսաստանյան գործընկերների հետ քննարկեց միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջև համագործակցության առդի հարցերը, Մեծամորի և Ռոստովի ատոմակայանների միջև փոխգործակցության հեռանկարները:

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելեց «Ատոմմաշ» ընկերության մասնաճյուղ, որտեղ արտադրվում են ԱԷԿ-ների, ջերմային կայանների և նավթագազաքիմիական կայանների սարքավորումներ: Տեղի ունեցած խորհրդակցության քննարկումների առարկան էր միջուկային էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայանների շահագործման և սարքավորման փորձը, ինչպես նաև անվտանգության համակարգերը և ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք մշակվել և իրականացվել էին ԱԷՄԳ անվտանգության չափանիշներին համապատասխան:

Այցի շրջանակներում հյուրերը հանդիպեցին Վոլգոդոնսկի քաղաքապետին, քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետին, ինչպես նաև այցելեցին Ռոստովի ԱԷԿ-ի փորձագետների վերապատրաստման կենտրոն:
 

Տպել էջը