Հայաստանի մշակույթի օրերը Չինաստանում
22 հուլիսի, 2015Հուլիսի 21-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը:
Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում հուլիսի 22-ին Պեկինի թանգարանի («The Chinese Museum of Women and Children») հայկական մոտիվներով ձևավորված ցուցասրահում բացվեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեսցու հայկական տարազների հավաքածուի ցուցահանդեսը, ինչպես նաև տեղի ունեցավ հայ վարպետների արվեստի գործերի ցուցադրություն:
Նույն օրը Պեկինի «Tianqiao Theatre»-ում կայացավ Հայաստանի մշակութային օրերի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Լուո Շուկանը: Արարողությանը մասնակցեց Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Երաժշտական հատվածում հանդես եկան «Բերդ» պարային համույթն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո–ջազ խումբը՝ կատարելով հայկական ազգային երաժշտություն: Համերգին ներկա գտնվեցին մի շարք բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Պեկին կատարած այցի շրջանակներում շրջանակներում կայացավ ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարների հանդիպումը: Քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը: Նախարար Պողոսյանն իր գործընկերոջը հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությանը, և հրավերն ընդունվեց ՉԺՀ մշակույթի նախարարի կողմից:
Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են Չինաստանի այլ քաղաքներում: