Բեյրութում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը
28 հունիսի, 2015Հունիսի 28-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի նահատակաց հուշարձանի մատուռից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Բեյրութում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես նաև ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՀԵԸ-ի սկաուտական խմբերի անդամներ, կրոնական այրեր և բազմաթիվ հյուրեր:
Համահայկական 6-րդ խաղերին բարի երթ մաղթեց Արամ Ա կաթողիկոսը` համոզմունք հայտնելով, որ այս համազգային նախաձեռնությունն ավելի միասնական կդարձնի հայ ժողովրդին:
Ապա կաթողիկոսարանի վեհարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ընդունեց համահայկական 6-րդ խաղերի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին, կարևորեց համազգային նախաձեռնությունները, մասնավորապես` Համահայկական խաղերի անցկացումը, որը լավ միջոց է հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության համար:
Իշխան Զաքարյանը, իր խոսքում, անդրադարձավ «Միասնություն սպորտով» նշանաբանով անցկացվող Համահայկական խաղերի պատմությանը և դրանց կարևորությանը աշխարհասփյուռ հայության համար:
Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հանդիպման ընթացքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր գնահատեց Հայկազյանի առաքելությունը` ուղղված հայապահպանությանը և հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայակազյանի սերտ համագործակցությունը Հայաստանի պետական կսռույցների, կրթական և մշակութային հաստատությունների հետ: Այնուհետև դեսպանը համալսարանի նախագահին փոխանցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակները` Հայկազյանի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ: Իշխան Զաքարյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, պատմաբան Էդիկ Մինասյանը, «Անդին» հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը նույնպես իրենց ջերմ շնորհավորանքները հղեցին նախագահ Փոլ Հայդոստյանին, հանդիպմանը ներկա համալսարանի վարչական և մանկավարժական անձնակազմի անդամներին:
ՀՀ պատվիրակությունն այցելեց նաև հայաբնակ Այնճար ավանը, որտեղ հանդիպումներ ունեցավ Այնճարի քաղաքապետի և ազգային կառույցների ղեկավարների հետ: