Դեսպան Գրիգորյանի աշխատանքային այցը Բասրա նահանգ

10 հունիսի, 2015

Հունիսի 9-ից 10-ը Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելեց Բասրա նահանգ:

Այցի շրջանակներում դեսպան Գրիգորյանը հանդիպում ունեցավ Բասրայի նահանգապետ Մաջեդ Ալ-Նասրավիի հետ: Ողջունելով դեսպանին` նահանգապետը նշեց, որ Բասրայի նահանգային իշխանությունները կարևորում են հայկական կողմի հետ համագործակցության ձևավորումն ու զարգացումը մի շարք ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Գրիգորյանը հաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հնարավորինս լայն շրջանակ ստեղծելու համար: Կարեն Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց նահանգի ղեկավարությանը հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և առօրյա խնդիրների հաղթահարման գործում օժանդակելու համար:

Մտքեր փոխանակվեցին առևտրա-տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական և գիտական համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նահանգապետի հետ հանդիպմանը հաջորդեց դեսպան Գրիգորյանի հանդիպումը Բասրայի նահանգային խորհրդի նախագահ Սաբահ Ալ-Բազունիի հետ: Վերջինս նշեց, որ Բասրայում բնակվող հայերը պատմության ողջ ընթացքում կարևոր դեր են խաղացել նահանգի հասարական և մշակութային կյանքում: Դեսպան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հայ և իրաքցի ժողովուրդները միմյանց լավ ծանոթ են, և առկա են բոլոր հիմքերը` տարբեր ոլորտներում հաջող համագործակցություն ծավալելու համար:

Նախօրեին` հունիսի 9-ին, դեսպան Գրիգորյանը հանդիպում ունեցավ Բասրայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեց հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, ազգային մշակութային կենտրոն, հայկական դպրոց: Կայացավ հանդիպում Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրեց Իրաքում ՀՀ դեսպանության գործունեությունը, հայ-իրաքյան հարաբերությունների պատմությունն ու հեռանկարները, Հայաստանի կառավարության ջանքերն` ուղղված Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ծանոթացավ համայնքին հուզող առաջնային խնդիրներին և պատասխանեց ներկաների հարցերին:

Տպել էջը