Դեսպան Թումանյանի այցելությունն իրանական «FarsNews» լրատվական գործակալություն
08 հունիսի, 2015Հունիսի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց իրանական «FarsNews» լրատվական գործակալություն և ծանոթացավ կազմակերպության աշխատանքներին, հանդիպեց տարբեր ստորաբաժանումների մասնագետների և աշխատակիցների հետ:
Հանդիպում տեղի ունեցավ դեսպան Թումանյանի և «FarsNews»-ի գլխավոր տնօրեն Սեյյեդ Նեզամեդդին Մուսավիի միջև, որին մասնակցում էին նաև գործակալության առաջատար լրագրողները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու ժողովուրդների ընդհանուր պատմական անցյալի, խորը մշակութային կապերի և երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր:
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց լրատվական բնագավառում փոխհարաբերությունների վիճակին, քննարկվեցին արդյունավետ համագործակցության հաստատման հնարավորությունը:
Գլխավոր տնօրեն Մուսավին պատրաստակամություն հայտնեց Իրանում ընդունելու հայկական լրատվական պատվիրակությունների` Հայաստանում համապատասխան ներկայացուցչություն ստեղծելու, առանձին հայկական լրատվական գործակալությունների հետ համագործակցելու համար: Նա նաև առաջարկեց անհրաժեշտության դեպքում օգտվել «FarsNews» լրատվական գործակալության հնարավորություններից՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության:
Հանդիպման վերջում դեսպան Թումանյանը հարցազրույց տվեց «FarsNews» լրատվական գործակալությանը: