Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Բեյրութում
29 մայիսի, 2015Մայիսի 29-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութի «Հովհաննես Պողոսյան» սրահում տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված միջոցառում:
Միջոցառումը բացեց քարոզչական մարմնի անդամ Հուրի Փափազյան-Էմմիյանը, ով շեշտեց անկախության անշրջելի արժեքը` ընդգծելով, որ հայ ժողովրդի համար անկախությունը վերապրելու կամքի դրսևորում է: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության և ՀՅԴ ԶՈՄ-ի խոսքը փոխանցեցին Հարութ Լափաճյանը և Արևիկ Փափազյանը, ովքեր խոսեցին հայ ժողովրդի անցած դժվարին ուղու մասին` կարևորելով մայիսի 28-ի արժեքը, ինչը հայրենիքից հեռու ապրող սերունդների համար ազգային դաստիարակության լուսավոր դպրոց է: ՔԱՀԼ-ի տնօրեն Սեպուհ Թերզյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր ազգային կոչումը, պատկանելիությունն ու ազգային արժանապատվությունը՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին` լեզվին, պատմությանը, մշակույթին և ավանդույթներին:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի պատմությանը, նշեց, որ չնայած հայրենազրկման, հնամյա մշակույթի ոչնչացման փորձերին` մեր հանդեպ կատարված ոճռագործություններին, հայ ժողովուրդը, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, ուժ գտավ` վերադառնալու միջազգային քաղաքական բեմ և շարունակելու հավերժական ընթացքը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին` դեսպանը նշեց հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության հանգամանքը, ինչը հիմք է և երաշխիք ապագա նվաճումների և հաղթանակների համար: Նա ընդգծեց, որ 100 տարի անց, ոգեկոչելով անմեղ զոհերին, հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով: Դեսպանը բարձր գնահատեց լիբանանահայության ազգանվեր և հայապահպան գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, տարբեր ծրագրերի միջոցով նպաստում է Հայաստանի և Արցախի զարգացմանն ու հզորացմանը:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Կարաքավորյանն իր խոսքում կարևորեց մայիսյան հաղթանակներն ու նվաճումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող Համահայկական հռչակագրի ընդունումը:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան դաշնակահար Գի Մանուկյանը և ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ):