Իրաքում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

23 մայիսի, 2015

Մայիսի 23-ին Բաղդադում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ճանաչումը. քայլ դեպի միջազգային խաղաղություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆարիս Ջաջուն, ով իր հերթին հանդես եկավ բացման խոսքով, մշակույթի նախարարի տեղակալ` Ֆաուզի Աթրուշին, տարբեր կուսակցությունների պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ:

Մասնակիցների թվում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, հայոց պատմության, մշակույթի և Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ լիբանանցի գիտնական Սալեհ Զահրեդինը, Բաղդադի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, դոկտոր Սալահ Ջաբրին, Իրաքի քաղաքական, հասարակական, գիտական, կրթական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Զեկույց ունեցողները անդրադարձան Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը ներկայումս Մերձավոր Արևելքում տարբեր կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների վերացման համատեքստում: Հայ գիտնականների կողմից ընդգծվեց 1915թ. Ցեղասպանության ընթացքում արաբ ժողովրդի, այդ թվում նաև իրաքցիների կողմից ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ցուցաբերած օգնությունը:
 

Տպել էջը