Մշակութային միջոցառում Աբու Դաբիում

10 մայիսի, 2015

Մայիսի 10-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանության դահլիճում տեղի ունեցավ հայտնի օպերային երգիչ Ավագ Պետրոսյանի հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցեցին դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, որից հետո ցուցադրվեց վերջերս նկարահանված հայկական օպերայի ռահվիրա Ավագ Պետրոսյանի հիշատակին նվիրված փաստավավերագրական ֆիլմը, ապա Երևանից ժամանած բաս-բարիտոն Սարգիս Բաժբեուկ Մելիքյանն Ավագ Պետրոսյանի որդի, դիրիժոր, դաշնակահար Արա Պետրոսյանի նվագակցությամբ կատարեց Կոմիտասի, Չուխաջյանի, Արամ Խաչատրյանի, Վերդիի, Խրեննիկովի և մի շարք այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից` ներկաների կողմից արժանանալով ջերմ ընդունելության:

Երեկոյի ավարտին գիտնական-արևելագետ Հասմիկ Ստեփանյանը ներկայացրեց իր գրչին պատկանող և ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատանքը: 

Տպել էջը