Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
09 մայիսի, 2015Մայիսի 9-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց, տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում, որին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը, ԵԽ անդամ երկրների դեսպանները:
Միջոցառումը մեկնարկվեց Եվրոպայի օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության անունից ելույթ ունեցավ ԵԽ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Դիրկ Վան Իքհաութը: Ելույթներից հետո ԵԽ անդամ երկրների դրոշների տակ ԵԽ կողմից ծաղիկներ դրվեցին: Հայաստանի ներկայացուցչությունն, ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայազգի զինվորների, առանձին ծաղկեպսակ տեղադրեց Հայաստանի դրոշի տակ:
Միջոցառման ավարտին երկինք արձակվեցին աղավնիներ՝ ի նշան խաղաղության: