Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սիրիայում
09 մայիսի, 2015Մայիսի 9-ին Սիրիայում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների համատեղ ջանքերով տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին Սիրիայի փոխնախագահ, դոկտոր Նաջահ Աթթարը, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը, կառավարության անդամներ, արտաքին գործերի նախարարի տեղակալները, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական, կուսակցական, ռազմական գործիչներ, Դամասկոսի հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և միությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ընդունելությանը ԱՊՀ դեսպանների անունից ելույթ ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա մասնավորապես ընդգծեց, որ 70 տարի առաջ` 1945թ. մայիսի 9-ին, Բեռլինում վճռվեց մարդկության ապագան: Դեսպանն ընդգծեց, որ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անուրանալի և մեծ ներդրումն ունեցան Սովետական միության բոլոր ժողովուրդները, ապա նշեց, որ մարդկության պատմության մեջ նման պատերազմ չէր եղել՝ իր զոհերի քանակով և ռազմական գործողությունների ընդգրկումներով: Սովետական միության ժողովուրդների տարած հաղթանակը ոչ միայն որոշեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այլև պատմական խոշորագույն իրադարձությունն էր, որը նոր էջ բացեց մարդկության պատմության մեջ: