Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին ու Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ Լեհաստանում
08 մայիսի, 2015Մայիսի 7-ին Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստներից Վարշավայի ազատագրման համար զոհված Խորհրդային զինվորների հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև Ուզբեկստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Նույն օրը` ուշ երեկոյան, Լեհաստանի Գդանսկ քաղաքի մերձակայքում գտնվող Վեստերպլաց արվարձանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձին (այդ վայրը խորհրդանշական է այն առումով, որ այնտեղից է մեկնարկել Երկրորդ համաշխարհային պատերազմը): Միջոցառման պաշտոնական մասին մասնակցեց նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Գդանսկում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի, նախագահները, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ու ԵՄ խորհրդի նախագահը:
Մայիսի 8-ին դեսպան Ղազարյանն իր կեցավայրում կազմակերպել էր տոնական ընդունելություն` նվիրված Երկրապահի օրվան ու հաղթանակի և խաղաղության տոնին:
Ընդունելությանը մասնակցում էին Լեհաստանի Սենատի անդամ Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհաստանում բնակվող հայազգի գործարարներ, դիվանագետներ:
Ընդունելությունից առաջ ցուցադրվեց Շուշիի ազատագրման մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո ելույթով հանդես եկավ դեսպան Ղազարյանը: Վերջինս ներկաներին շնորհավորեց մայիսյան տոների առթիվ` ներկայացնելով դրանց խորհուրդն ու նշանակությունը հայ ժողովրդի հատկապես նորագույն պատմության մեջ: