Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

08 մայիսի, 2015

Մայիսի 8-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` Վիեննայում անցկացված միջոցառումներին: Դեսպան Կիրակոսյանը ներկա էր Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցած հիշատակի արարողությանը, որին մասնակցում էին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Ավստրիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Դեսպանը, Ավստրիայում հավատարմագրված ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների հետ միասին, ծաղկեպսակ զետեղեց Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը տեղակայված խորհրդային բանակի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Վիեննա քաղաքի կենտրոնում վեր խոյացող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին: Այնուհետև Ավստրիայում ՌԴ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն՝ ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի ազգային ճաշատեսակների մատուցմամբ:

Մայիսի 10-ին դեսպան Կիրակոսյանը ավստրահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցեց Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Դեսպանի անունից ծաղկեպսակ զետեղվեց համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եվրոպական ազգերի ռազմագերիների համալիրի կենտրոնական հուշակոթողին: Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների կողմից հուշահամալիրի տարածքում տեղադրված հուշատախտակներին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հայ ռազմագերիներին նվիրված հուշատախտակին:

Մասնակիցներն այցելեցին նորաբաց թանգարանային սրահ և անվանասրահ, ուր հավերժացված են նաև հայ ռազմագերիների անունները՝ նաև հայերեն լեզվով: 

Տպել էջը