«Հանդուրժողականությունը հաղթում է ատելությանը» խորագրով բարձրաստիճան համաժողով Բրյուսելում

08 մայիսի, 2015

Մայիսի 8-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակներում Բրյուսելում տեղի ունեցավ «Հանդուրժողականությունը հաղթում է ատելությանը» խորագրով բարձրաստիճան համաժողով: Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և ներկայացնել առաջարկներ՝ համալրելու արմատականացման և ծայրահեղականության դեմ պայքարի ԵԽ գործիքակազմը։

Համաժողովի բացմանը և նախարարական նիստին, որը նախագահում էր Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը, ԵԽ անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ մասնակցեցին նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, ԵՄ հիմնարար իրավունքների գործակալության տնօրենը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչը։

Համաժողովին Հայաստանը ներկայացրեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Իրենց ելույթներում նրանք նշեցին, որ համաժողովի թեման եղել է ԵԽ-ում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից մեկը` ընդգծելով, որ Հայաստանը մշտապես փորձել է իր ավանդը ներդնել ատելության խոսքի և այլատյացության երևույթների, հատկապես քաղաքական նպատակներով նրանց դրսևորումների դեմ միջազգային հանրության ջանքերում: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման համատեքստում կարևորվեցին ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քայլերը և անդրադարձ կատարվեց ապրիլի 22-23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի արդյունքներին։

Համաժողովին քննարկվեցին վերջին շրջանի անհանդուրժողականության դրսևորումները և դրանց պատճառները, ԵԽ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները` ուղղված բևեռացման ու արմատականացման կանխարգելմանը։
 

Տպել էջը