Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում
05 մայիսի, 2015Մայիսի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Բեյրութի Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանի «Assembly Hall» սրահում կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, բազմաթիվ երաժշտասերներ:
Համերգից առաջ սրահում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության վկայությունների մասին պատմող «Blue Book. Evidence of the Armenian Genocide» բրիտանական վավերագրական ֆիլմը, որից հետո մեծ թվով ներկաներին իր ողջույնի խոսքը փախանցեց 100-րդ տարելիցի Լիբանանի մարմնի ներկայացուցիչ Ներսես Բաղդոյանը:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայկական մշակույթի և երաժշտության հարուստ ավանդույթներին: Նա խոսեց համաշխարհային ասպարեզում բարձունքների հասած հայաստանցի և հայազգի երաժիշտների, երգիչների, կոմպոզիտորների մասին: Դեսպանը Քոչարյանը բարձր գնահատեց Լիբանանում աշխատող հայ երաժիշտների արվեստը` նշելով նաև, որ վերջին տարիներին Հայաատանը մասնակցում է Լիբանանում անցկացվող ավանդական երաժշտական փառատոններին: Խոսելով վերածննդի մասին` դեսպանն ընդգծեց հայ ժողովրդի ապրելու, արարելու և երաժշտական ասպարեզում նորանոր հաջողությունների հասնելու վճռականությունը:
Համերգին մասնակցող 16 հայ երաժիշտները՝ կիթառ, դաշնամուր, ջութակ, շվի, դուդուկ, կատարեցին Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Բաբկեն Կանաչյանի, Միքայել Աշճյանի ստեղծագործությունները: