Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Բեյրութում

04 մայիսի, 2015

Մայիսի 4-ին Բեյրութի ցուցահանդեսների կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ազգի վերածնունդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը կազմակերպվել էր «Սոլիդեր» ընկերության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ և Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժիի հովանավորությամբ:

Բացման խոսքով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Արդա Յանիքյանը, ապա մոտ 100 հայ նկարիչների գործերը ներկայացնող «Նոաս Արք» կենտրոնի ներկայացուցիչ Հրակ Հերգելյանը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում ներկայացրեց հայ ժողովրդի անցած դժվարին ուղին, հարուստ մշակութային արժեքներն ու ժառանգությունը: Խոսելով վերաձննդի մասին` դեսպանն ընդգծեց հայ ժողովրդի` ապրելու և արարելու վճռականությունն ու շարունակական պայքարի կարևորությունը` պատմական ճշմարտությունն ու իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին և լիբանանահայ համայնքի արդյունավետ և բազմածավալ աշխատանքներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման առնչությամբ:

Այնուհետև խոսքով հանդես եկան «Սոլիդեր» ընկերության գլխավոր տնօրեն Մունիր Դուեյդին և Լիբանանի մշակութի նախարար Ռայմոնդ Արեյժին: Վերջինս խոսեց հայոց դարավոր պատմության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ պատարագին, ինչպես նաև Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը: 

Տպել էջը