Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Աթենքում

04 մայիսի, 2015

Մայիսի 4-ին Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի շենքում կայացավ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը: Ցուցադրությունն անցկացվում է Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի, Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի համակազմակերպմամբ ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Հունաստանի խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների, հունահայ համայնքային և հոգևոր կառույցների, հունական հասարակական-քաղաքական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Ցուցադրության բացմանը հետևեց քննարկում, որին ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Պարասկևոպուլոսը, Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Անաստասիոս Ներանձիսը, Ատտիկայի փոխմարզպետ Էրմինա Կիպրիանիդուն, Հունահայոց առաջնորդ, գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը:

Իր ելույթում Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսը նշեց, որ մեծ պատրաստակամությամբ է հանձն առել ցուցադրությունն իր գլխավորած կառույցում ներկայացնելու գործը: Նա շեշտեց, որ ցեղասպանության մասին իրազեկումը որևէ ազգի կամ պետության դեմ ուղղված քայլ չէ, այլ համամարդկային նշանակություն ունի այն առումով, որ ազգերն իրենց ԴՆԹ-ում չեն կրում ցեղասպան հատկություններ, այլ դրանք ձեռք են բերում քաղաքական ուժերի կամ կառավարությունների թելադրանքով:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր ելույթում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` բարոյական և նյութական փոխհատուցման, տարածաշրջանային անվտանգության և համամարդկային տեսանկյունից` իբրև հետագա ցեղասպանությունների կանխարգելման միջոց:

ՀՀ Հանրային խորհրդի անդամ Կորյուն Վարդանյանը Խրիստոս Պոլիզողոպուլոսին նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր ստեղծագործության հունարեն թարգմանությունը:

ՀՀ Հանրային խորհրդի շնորհակալագրեր հանձնվեցին պարոն Պոլիզողոպուլոսին և նրա ղեկավարած խորհրդի անդամներին:

Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շնորհակալագրեր հանձնեց Աթենքի նախկին փոխքաղաքապետ, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ, հայազգի Նանա Սպիրոպուլո-Խանիկյանին և Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսին: Տիկին Սպիրոպուլո-Խանիկյանը, ով թանգարան-ինստիտուտին փաստաթղթերի մեծ հավաքածու է նվիրաբերել, պարգևատրվեց նաև Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Քննարկման ավարտին ելույթ ունեցավ արվեստաբան, հնագետ Հակոբ Ջելալյանը, ով ներկայացրեց դրվագներ հայ տպագրության պատմությունից: Պարոն Ջելալյանին պատկանող մամլո էջերի բնօրինակների բացառիկ հավաքածուն ևս ներկայացված է այս ցուցադրության շրջանակներում:

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 17-ը: 

Տպել էջը