Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լոնդոնում
03 մայիսի, 2015Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քաղաքական և մշակութային միջոցառումների գարնանային փուլը Լոնդոնում եզրափակվեց մայիսի 3-ին Լոնդոնի ամենահայտնի սրահներից մեկում՝ «Ռոյալ ֆեստիվալ հոլ»-ում, կայացած «Երաժշտություն նվիրված Հայաստանին» խորագիրը կրող համերգով:
Համերգին ընդառաջ` երաժշտասերների մոտ մեծ ճանաչում վայելող ու սիրված «Classic FM» ռադիոն և Լոնդոնի մետրոպոլիտենի ավելի քան 30 կայարաններում տեղադրված հայտագրերը երկու շաբաթվա ընթացքում ծանուցում էին համերգի մասին: Գովազդային վահանակի համար օգտգործվել էր Սարյանի «Հայաստան» պանոն և Հայոց ցեղասպանության հիշատակի խորհրդանիշ անմոռուկը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված համերգի մասին մայիսի 2-ին մի ամբողջ գովազդային էջ էր տպագրել աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Էկոնոմիստը», ինչպես նաև բրիտանական «Դեյլի Թելեգրաֆը»։ Համերգի և գովազդային արշավի հովանավորն էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։
Համերգին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լևոն Մարտիրոսյանը, պետական պաշտոնյաներ, Լորդերի պալատի անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր։
«Երաժշտություն նվիրված Հայաստանին» համերգին մասնակցում էին հանրահայտ «Ֆիլհարմոնիա» նվագախումբն ու «Ֆիլհարմոնիա ձայներ» երգչախումբը՝ դիրիժոր Վասիլի Սինայսկու ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ էին հրավիրվել հայ տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի մեներգչուհի Անուշ Հովհաննիսյանը։
Նախքան համերգային ծրագրի մեկնարկը՝ դեսպան Սարգսյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս միջոցառմանը մասնակցելու համար։ Այնուհետև մեկ րոպե լռությամբ ու աղոթքով բոլորը հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Երաժշտական ծրագիրը երկու մասից էր և ներառում էր Կոմիտասի, Եկմալյանի, Արամ Խաչատրյանի, Մոցարտի և Գորեցկու ստեղծագործություններից։
Համերգի առաջին մասը նվիրված էր Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը։ Հնչեցին հատվածներ Մոցարտի «Ռեքվիեմից», Գորեցկու «Ողբերգական երգերի սիմֆոնիայից», ինչպես նաև Եկմալյանի «Պատարագից»։ «Ֆիլհարմոնիա ձայներ» երգչախումբը հայերենով կատարեց Տերունական աղոթքն ու «Սուրբ-սուրբ»-ը։ Այն եզրափակվեց Սերգեյ Խաչատրյանի և նվագախմբի կողմից Կոմիտասի «Կռունկի» կատարմամբ։
Կյանքի հաղթանակը, հայ ժողովրդի վերապրումն ու Հայաստանի վերածնունդը խորհրդանշելու համար համերգի երկրորդ մասում հնչեց Արամ Խաչատրյանի հանրահայտ ջութակի կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։ Այնուհետև «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Սպարտակ բալետից։ Երեկոն ավարտվեց «Սուսերով պար»-ի հնչյունների ներքո։