Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով
03 մայիսի, 2015Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով:
Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Խորագրի թեմայով` ցուցահանդեսի բոլոր հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ և դասախոսություններ:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի ժողովրդավարացումը» թեմայով հանդես եկավ թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն: Ցեղասպանության ճանաչման, ժխտողականության, դրա անպատժելիության իրավական և բարոյական հետևանքների, փոխհատուցման և պահանջատիրության մասին թեմաներով հանդես եկան Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ Վալենտինա Կալզոլարին, Ժնևի Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը, Ժնևի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Սևան Գարիբյանը, շվեյցարահայ լրագրող Վիգեն Չեթերյանը, բանաստեղծ Վահե Գոդելը, սոցիոլոգ և մշակութային պատմաբան Ալան Նավարրա Նավասարդյանը: Հայկական հարցի վերաբերյալ Շվեյցարիայի քաղաքականությանն անդրադարձան Շվեյցարիայի հեռուստառադիոընկերության (RTS) լրագրող Ռոմեն Կլիվազը և հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Ցուցահանդես-տոնավաճառի վերջին օրը հայկական տաղավարում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Impact Hub Yerevan» կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում ստեղծագործական տեխնոլոգիաների և նորարարությունների ապագայի մասին, ինչպես նաև ներկայացրին այդ բնագավառում երիտասարդ սերնդի ներուժը:
Հայաստանի տաղավարը և կազմակերպված քննարկումները գրավեցին ոչ միայն շահագրգիռ հասարակական-քաղաքական շրջանակների, այլև ցուցահանդես-տոնավաճառի բազմաթիվ այցելուների ուշադրությունը:
Հայաստանի տաղավարը ավանդաբար ներկայացվում է Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով: