Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի հետ

02 մայիսի, 2015

Մայիսի 2-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց ապրիլի 21-ից 24-ը Ժողովրդական ժողովի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ Երևան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը հիացմունքով արտահայտվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակի մասին` ընդգծելով դրանց հույժ կարևոր նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Ժողովրդական ժողովի նախագահը շեշտեց Հայաստանում անցկացվող այդ միջոցառումներին աշխարհի տարբեր երկրների և խորհրդարանների նախագահների, ինչպես նաև ներկայացուցչական այլ պատվիրակությունների մասնակցության փաստը` որպես ուղերձ նախևառաջ Թուքիային և նրա իշխանություններին՝ իրենց անցյալի հետ առերեսվելու իմաստով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ դեսպան Փոլադյանը խիստ գնահատելի համարեց Սիրիայում հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների, մանավանդ լրատվամիջոցների` նախադեպը չունեցող արձագանքը և բուռն հետաքրքրությունը հարցի վերաբերյալ:

Զրույցի ավարտին Ժողովրդական ժողովի նախագահը հերթական անգամ իր համերաշխությունը հայտնեց բարեկամ հայ ժողովրդին և նրա արդար պահանջին:

Տպել էջը