Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լոնդոնում
02 մայիսի, 2015Մայիսի 2-ին Լոնդոնի Ռեդբրիջ շրջանի Սուրբ Մարիամ անգլիկան եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որին ներկա էին եկեղեցու ծխականները, հայ համայնքի ներկայացուցիչները, Ռեդբրիջ շրջանի փոխքաղաքապետը:
Ելույթներով հանդես եկան եկեղեցու ռեկտոր Իան Տարրանտը, պատվելի Սանտու Բերկլյան-Կարտերը, Միացյալ Թագավորության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համանախագահ Ռաֆֆի Սարգսյանը, Չելմսֆոլդի թեմի դեկան Նիկոլաս Հենշալը, Սուրբ Սարգիս Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, հայր Շնորհք Բաղդասարյանը:
Ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը՝ ներկայացնելով օրվա խորհուրդը և անդրադառնալով Ցեղասպանության կանխարգելման կարևորությանը:
Սուրբ Մարիամ եկեղեցու և հայկական Սուրբ Եղիշե եկեղեցու երգչախմբերի կատարմամբ հնչեցին «Սուրբ Սուրբ»-ը, «Տեր, Ողորմեա»-ն, անգլիկան եկեղեցու պատարագային երգերից հատվածներ: Միջոցառումը եզրափակվեց Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Արեն Շահինյանի աղոթքով: