Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում
02 մայիսի, 2015Մայիսի 2-ին Դանիայի Գյուլինգ ավանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Գյուլինգում է ծնվել դանիացի մարդասեր Կարեն Յեփփեն, ով Ցեղասպանության տարիներին փրկել է հազարավոր որբացած հայ երեխաների ու կանանց:
Միջոցառմանը մասնակցեցին հասարակական-քաղաքական գործիչներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ նորվեգացիներ:
Միջոցառման սկզբին ծաղկեպսակներ դրվեցին Կարեն Յեփփեի հուշաքարի և հայկական խաչքարի մոտ: Դանիայի Յուլանդի շրջանի հայության «Արարատ» կազմակերպության նախաձեռնությամբ հայ և դանիացի երեխաները կաղնու ծառ տնկեցին հայկական խաչքարի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայ ու դանիացի ժողովուրդների բարեկամության, որին մասնակցեցին նաև Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը և Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը:
Այնուհետև Գյուլինգի եկեղեցում տեղի ունեցավ հայկական ժամերգություն, որ կատարվեց Դանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանի կողմից: Ժամերգությունից առաջ ելույթներ ունեցան Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը, Գյուլիգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը և դեսպան Աղաջանյանը: Օդերի քաղաքապետն իր ելույթում նշեց, որ մի քանի օր առաջ է վերադարձել Երևանից, ուր հրավիրվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Նա ասաց, որ հիշատակման արարողություններն իր վրա մեծ ազդեցություն են ունեցել և հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը կօգնի, որպեսզի ապագայում նման ոճրագործություններ չկրկնվեն: Օդերի քաղաքապետն ավելացրեց, որ Կարեն Եփփեի մարդասիրական ջանքերը վառ օրինակ են բոլորիս համար: «Ես հպարտ եմ Կարեն Յեփփեի հայրենակիցը լինելու համար, մի անձնավորություն, որն իր բարի գործով կարողացել է հազարավոր մարդկանց ճակատագրեր փրկել», - նշեց Ուֆֆե Յենսենը:
Միջոցառումը շարունակվեց Գյուլինգի դպրոցում, ուր տեղի ունեցավ դանիացի միսիոներուհիներ և մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին նվիրված նամականիշների գեղաթերթիկով փոստային ծրարների մարման արարողություն, որ հատուկ թողարկվել էր Հայփոստի կողմից Գյուլինգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման համար: Փոստային ծրարի վրա պատկերված է երկու նամականիշներով գեղաթերթիկը, որի վրա երևում են Ցեղասպանության տեսարաններ, որբերի նկարներ, Կարեն Յեփփեի և Մարիա Յակոբսենի նկարները փրկված հայ երեխաների հետ, ինչպես նաև այն մեքենան, որի օգնությամբ դանիացի կանայք փրկել են հայ երեխաներին: Փոստային ծրարների հատուկ մարման արարողությունը կատարվեց Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենի, Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկի և դեսպան Աղաջանյանի կողմից:
Արարողության ժամանակ նշվեց, որ Կարեն Յեփփեի ծննդավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փոստային ծրարի հատուկ մարման արարողության անցկացումը նպատակ ունի հարգել Կարեն Յեփփեի և Մարիա Յակոբսենի հիշատակը և ընդգծել նրանց գործունեության կարևորությունը:
Միջոցառման ավարտին հանդես եկավ լոնդոնաբնակ Շաքե Մեյջոր Չիլինգիրյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կյանքի շրջան» ծրագրով` ներկայացնելով հայկական «Գորանի» և «Դափք» ծիսական շուրջպարերը, որոնք օժտված են լավատեսությամբ, ինչպես նաև ընդհանուր վտանգի և պայքարի հաղթանակի մեջ համախմբման գաղափարով: