Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրություն Սիրիայում
30 ապրիլի, 2015Ապրիլի 30-ին Դամասկոսի «Ալ-Քնդի» կինոթատրոնում կայացավ աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպվել էր «Աշթար» հասարակական ձեռնարկությունը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, Սիրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթով հանդես եկավ դեսպան Փոլադյանն, ով հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը` նշելով, որ եթե ժամանակին միջազգային հանրության կողմից դատապարտվեր հակամարդկային այս ոճրագործությունը, ապա այսօր աշխարհը նման խնդիրների առջև չէր կանգնի: Այնուհետև դեսպանն անդրադարձավ թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությանը` ընդգծելով, որ ժամանակակից Թուրքիան, վաղ թե ուշ, առերեսվելու է իր դաժան անցյալի հետ և ընդունելու է պատմական իրողությունները: Առիթն օգտագործելով` դեսպան Փոլադյանը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության դաժան օրերին սիրիացիների մարդասիրական վերաբերմունքը հայ տարագիրների նկատմամբ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ` իրենց համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:
Ֆիլմի ցուցադրությունը լայնորեն լուսաբանվեց սիրիական մամուլում: