Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Կիպրոսում

30 ապրիլի, 2015

Ապրիլի 30-ին Նիկոսիայի «Ստրովոլոս» թատրոնում տեղի ունեցավ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հովանու ներքո իրականացվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, Հումանիտար հարցերով նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, Կիպրոսի նախկին նախագահ Յորղոս Վասիլիուն, խորհրդարանի նախկին նախագահ Վասոս Լիսարիդիսը, Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական փոխանորդ, տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը, կուսակցությունների ղեկավարներ և խորհրդարանականներ, դիվանագիտական ներկայացուցչությունների, կիպրոսահայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ: Միջոցառմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Կիպրոսում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Օրվա բանախոսն էր արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսը, ով, մատնանշելով Ցեղասպանության ճանաչման համար հայ ժողովրդի երկարամյա պայքարը, շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր միջազգային ասպարեզում հանդես է գալիս իբրև ցեղասպանության և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, ով, անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, հանգամանորեն ներկայացրեց Ցեղասպանության փաստը հավաստող պաշտոնական մի քանի փաստաթղթեր և նշեց, որ աշխարհում սփռված հայերը Ցեղասպանության անհերքելի ապացույցն են:

Դեսպան Ղալաչյանն, իր ելույթում երախտագիտություն հայտնելով Կիպրոսին և կիպրոսցի բարեկամ ժողովրդին, նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ ՄԱԿ-ում բարձրաձայնել է Կիպրոսի պատվիրակությունը, և Կիպրոսն առաջին եվրոպական երկիրն է, որ 1975թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հիշատակելով ապրիլի սկզբին Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը` դեսպան Ղալաչյանը հավելեց, որ այս օրերին նոր լիցք ստացած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարևոր ներդրում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Միջոցառման գեղարվեստական հատվածում կիպրոսցի հայտնի դերասան-բեմադրիչ Ֆոտոս Ֆոտիադիսն ընթերցեց Ավետիս Ահարոնյանի «Հարգանք քեզ» ստեղծագործությունը հունարեն թարգմանությամբ: Ելույթներով հանդես եկան երգչուհիներ Սոնա Կարկալոյանը և Ալիս Այվազյանը, «Համազգային» մշակութային կենտրոնի «Սիփան» պարախումբը և Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը: Հանդիսությունն ավարտվեց Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանի աղոթքով և մաղթերգով: 

Տպել էջը