Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Լյուվենի համալսարանում

30 ապրիլի, 2015

Ապրիլի 30-ին Բելգիայի հանրահայտ Լյուվենի համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրելով աղետը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Լյուվենի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի կողմից:

Գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ, միջազգայնագետներ, փորձագետներ և լրագրողներ տարբեր եվրոպական երկրներից, Միացյալ նահանգներից և Մերձավոր Արևելքից: Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Հայոց ցեղասպանության ինչպես պատմական, այնպես էլ քաղաքական, միջազգային, կրոնական և իրավական ասպեկտներին վերաբերող հարցեր:

Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով համալսարանի գիտնականների նախաձեռնությունը` դեսպանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցի բաց և անկեղծ քննարկումը վերջին զարգացումների համատեքստում` ընդգծելով Թուրքիայի ժխտողականությանը վերջ դնելու համար ներքին և միջազգային հասարակական ու քաղաքական մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Դեսպան Մարգարյանը կարևորեց նաև 100-րդ տարելիցի համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ քննարկումների ծավալումը:

Գիտաժողովից հետո` նույն երեկոյան, տեղի ունեցավ հիշատակի համերգ և ընդունելություն: 

Տպել էջը