Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանի քաղաքներում

29 ապրիլի, 2015

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանի Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանում «Եկեք խոսենք Հայաստանի մասին» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Միջոցառումը կազմակերպել էին Կրակովի հայ մշակութային միությունը, Յագելոնյան համալսարանը, Կարողությունների լեհական ակադեմիան և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը: Դասախոսությանը ներկա էին Կրակովում Գերմանիայի, Ուկրաինայի և ԱՄՆ հյուպատոսները, ՌԴ պատվո հյուպատոսը, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, Կրակովի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

Դասախոսությունից առաջ ելույթներով հանդես եկան Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան և Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, որոնք անդրադարձան Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև 2015թ. ապրիլի 22-ից 23-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին իրենց մասնակցությանը և արդյունքներին:

Դասախոսությունից հետո Յագելոնյան համալսարանից մեկնարկեց երթ դեպի Կրակովի հայկական խաչքար: Երթին մասնակցում էին դեսպան Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ: Երթի մասնակիցները կրում էին Լեհաստանի և Հայաստանի դրոշներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը հանդիսացող անմոռուկներ, Ցեղասպանությունը դատապարտող պաստառներ: Երթն ավարտվեց Կրակովի հայկական խաչքարի մոտ, որտեղ Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, քահանա Ռաֆայել Կրավչիկի կողմից կատարվեց հատուկ կարգ, ինչից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը և Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին: Խաչքարի մոտ ՀՀ օրհներգը հնչեցրին և գեղարվեստական կատարումներով հանդես եկան Կրակովի կիրակնօրյա հայկական դպրոցի սաներն ու լեհ երեխաներ:
Արարողությունից հետո Կրակովի Սուրբ Միկոլայի եկեղեցում Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, քահանա Ռաֆայել Կրավչիկի կողմից և Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու աղոթքով մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նույն օրը երեկոյան Կրակովի «Պոդ Բարանամի» գլխավոր կինոթատրոնում տեղի ունեցավ Ֆաթիլ Աքինի «Սպի» ֆիլմի լեհական պրեմիերան լեհերեն թարգմանությամբ: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ֆիլմի քննարկում՝ լեհ հանդիսատեսի մասնակցությամբ:

Ապրիլի 26-ին Կրակովում Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ, իսկ երեկոյան Կրակովի ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որին ներկա էին դեսպան Ղազարյանը, Կրակովի հասարակական շրջանակներում ճանաչված բազմաթիվ գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգի ընթացքում Կրակովի կիրակնօրյա հայկական դպրոցի սաների, ինչպես նաև պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի. Արամ Խաչատրյանի, Ստեփան Լուսիկյանի, Շառլ Ազնավուրի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ներկայացվեցին հայկական ժողովրդական պարեր և ասմունք: Համերգի վերջում դեսպան Ղազարյանի կատարմամբ հնչեց Արթուր Գրիգորյանի «Տիրամայր» երգը:

Նույն օրը Լեհաստանի Գլիվիցե քաղաքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լեհաստանում միակ՝ Հայ Կաթողիկե Ամենասուրբ երրորդության եկեղեցում Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկու հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում հոգևորականի կողմից ծավալուն ելույթ հնչեց՝ նվիրված Ցեղասպանությանը և դրա դատապարտման անհրաժեշտությանը: Պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն և հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը, Սլասկի մարզպետի տեղակալ Պիոտեր Սպիրան, ինչից հետո կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշատախտակի օրհնության արարողությունը, որն առաջիկայում տեղադրվելու է քաղաքի կենտրոնական մասում:

Այնուհետև եկեղեցում տեղի ունեցավ հայկական արմատներով լեհ բանաստեղծ Բոգդան Ստանիսլավ Կասպրովիչի (Աստվածատուր Իլովացի Գասպարյան) բանաստեղծությունների վրա հիմնված երգերի համերգ: Տեղի ունեցավ նաև հեղինակի «Խաչքար» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Շնորհանդեսին ներկա էր նաև դեսպան Ղազարյանը:

Ապրիլի 29-ին Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ, որը նախաձեռնել էր դպրոցի ուսուցչուհի, ջութակահար Հեղինե Մկրտչյանը: Համերգը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի հովանու ներքո: Երաժշտական դպրոցի բոլոր պատերին փակցված էին Հայաստանի տեսարժան վայրերի պատկերներ: Նախքան համերգի մեկնարկը, ցուցադրվեց Հայոց ցեղասպանության և Հայաստանի մասին ֆիլմ՝ լեհերեն թարգմանությամբ:

Համերգին ներկա էին դեսպան Ղազարյանը, Կալիշի քաղաքապետ Յանուշ Պենխեժը, քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, դպրոցի ուսուցիչներ և սաներ:

Համերգի ընթացքում տեղի եկեղեցական երգչախմբի և երաժշտական դպրոցի լեհ սաների, ինչպես նաև հայազգի տաղանդավոր ջութակահար Քրիստինե Հարությունյանի կատարումներով ներկայացվեց հայկական երաժշտական ծրագիր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները: Ելույթ ունեցան նաև մանկական և պատանեկան ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ Հեղինե Մկրտչյանի ղեկավարությամբ: Համերգն ընդմիջվում էր Հեղինե Մկրտչյանի կողմից հայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքով: 

Տպել էջը