Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում
29 ապրիլի, 2015Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսի «Լունա Պարկ» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արգենտինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսը, Կրթության նախարար Ալբերտո Սիմեոնին, դաշնային դատավորներ Նորբերտո Օժարբիդեն և Դանիել Ռաֆեկասը, պատգամավորներ, սենատորներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և արվեստի ոլորտը ներկայացնող, ինչպես նաև գիտա-ակադեմիական, լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայի արդարադատության նախկին նախարար, արգենտինահայ Լեոն Կառլոս Արսլանյանը, ով իր ելույթում բարձր գնահատեց Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին գրկաբաց ընդունելու համար: Լեոն Կառլոս Արսլանյանն անդրադարձավ նաև Արգենտինայի կողմից օրենքի և դատական վճռի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին՝ հանգամանալից ներկայացնելով այդ գործընթացների մանրամասները, ինչպես նաև ճանաչման գործում կարևոր և առանցքային դերակատարություն ունեցող քաղաքական գործիչներին և դատավորներին:
Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսն իր ելույթում կարևորեց Արգենտինայի քաղաքական, գիտական, մշակութային կյանքում և գործարար շրջանակներում արգենտինահայ համայնքի կարևոր և ազդեցիկ դերակատարությունը և ընթերցեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող արգենտինական օրենքից հատվածներ:
Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանն իր ելույթում շնորհակալության և երախտիքի խոսքեր արտահայտեց Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին և իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Թուրքիան տարբեր ձևերով, երբեմն էլ իրեն թվում է, թե՝ շատ խորամանկորեն, շարունակում է ժխտողականությունը։ Թուրքիան նույնիսկ փորձեց իր համար նոր «ապրիլի 24» հորինել՝ այդ օրը կազմակերպելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի փարիսեյական միջոցառումներ, փորձեց փոխել իր մեծ մեղքի օրվա խորհուրդը, բայց տապալվեց ամբողջովին և մի նոր «ապրիլի 24»-ի մեղք վերցրեց իր ղեկավարության ուսերին՝ 2015թ. ապրիլի 24-ին Գալիպոլիում կանգնեցնելով Ուրացման ամոթալի հուշարձանը։ Մենք բոլորս հիշում ենք մեր նահատակներին, որոնք այսուհետ սրբադասված են, մենք բոլորս վստահ ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ապագան պայծառ է։ Մենք ունենք մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, հաղթական Արցախը, աշխարհասփյուռ հզոր հայություն, և մեր առջև ճանապարհն է դեպի հաղթանակ՝ քաղաքամայր Երևանից մի սրտի չափ հեռու վեր խոյացած Արարատի սուրբ պատկերի առջև»։
Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ երգի և պարարվեստի կատարողներ, իսկ համերգը եզրափակեց արգենտինացի նշանավոր երգիչ Խայրոն՝ կատարելով արգենտինական և Շառլ Ազնավուրի հեղինակած երգեր, մասնավորապես «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը, որի ձայնագրմանը նա մասնակցել է 1988թ.՝ աշխարհի այլ 88 նշանավոր կատարողների հետ միասին: