Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
27 ապրիլի, 2015Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցվեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային իշխանությունների կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեի, ԱԺ պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի և Սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ու հարյուրավոր ներկաների մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ներքո: Ֆրանսահայ Կապույտ Խաչ միության նախաձեռնությամբ խաչքարի հարևանությամբ տնկվեց նռենի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած կանանց:
Նույն օրը դեսպան Չիտեչյանը Մեդոնի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելի հրավերով ներկա գտնվեց քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող հիշատակի միջոցառմանը, որին ներկա էին նաև Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջև զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը:
Ապրիլի 26-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ հիշատակի պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան դեսպան Չիտեչյանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Անդրե Սանտինին և Օ-դը-Սեն դեպարտամենտի պրեֆեկտ Յան Ժունոն:
Ապրիլի 25-ից 27-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություններ անցկացվեցին նաև Իլ-դը-Ֆրանս շրջանի բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես. Ռենսիում՝ քաղաքապետ Ժան-Միշել Ժընեստյեի, Անիեր-Սյուր-Սենում՝ քաղաքապետ Մանյուել Աեշլիմանի, Առնուվիլում՝ քաղաքապետ Միշել Օմայի, Շավիյում՝ քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Ժան-Ժաք Գիյեի, Սարսելում՝ քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:
Ապրիլի 26-ին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական ծիսակարգով Սուրբ պատարագ` Փարիզի արքեպիսկոպոս, կարդինալ Անդրե Վեն-Թրուայի մասնակցությամբ: Կարդինալի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող խոսքից հետո մատուցվեց հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանի մասնակցությամբ:
Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին դեսպան Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի («Mission 2015») նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ գործիչներ, Ֆրանսիայի հասարակական-քաղաքական, մշակութային շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև բազմաթիվ ֆրանսիացիներ և օտարերկրացիներ: