Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Իռլանդիայում
26 ապրիլի, 2015Ապրիլի 26-ին Հայ Առաքելական եկեղեցու Դուբլինի ծխական խորհուրդը Դուբլինի Թանի ծխական եկեղեցում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների և եկեղեցիների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր։
Ելույթներով հանդես եկան Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, Դուբլինի եպիսկոպոս Ռայմոնդ Ֆիլդը, Ուելսի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Պատրիկ Թոմասը, Իռլանդիայի հրեական համայնքի պատվո նախագահ Լեանորդ Աբրահամսոնը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Խեմչյանը։ Այնուհետև հայ համայնքի ներկայացուցիչները վառեցին Ցեղասպանության տարելիցի 100 տարիները խորհրդանշող 100 մոմ։
Միջոցառումը, որին ներկա էին իռլանդական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, լայնորեն լուսաբանվեց իռլանդական մամուլում և կենտրոնական հեռուստատեսության լրատվական թողարկման մեջ։