Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Չեռնոգորիայում
26 ապրիլի, 2015Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Չեռնոգորիայի Պրևլակա կղզու Սուրբ Միքայել հրեշտակապետ պատմական վանքում Չեռնոգորիայի և Պրիմորիայի մետրոպոլիտ Ամֆիլոխի ձեռամբ մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի պատարագ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, որ ժամանել էր Ամենայն Հայոց վեհափառի տնօրինությամբ, իր հերթին կատարեց սրբոց նահատակաց նվիրված արարողակարգ:
Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր Չեռնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ և Չեռնոգորիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Չեռնոգորիայում ՌԴ դեսպան Անդրեյ Նեստերենկոն, Չեռնոգորիայի հայ, ռուս և ուկրաինական համայնքների ներկայացուցիչներ, սերբեր, գերմանացիներ և հարյուրավոր տեղացիներ:
Պատարագի ավարտին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության դատապարտման, Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ համերաշխության խոսքով հանդես եկավ մետրոպոլիտ Ամֆիլոխը: Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի վիթխարի կորուստների և դրա ծանր հետևանքների մասին խոսեցին Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը և դեսպան Համլետ Գասպարյանը: Այնուհետև ներկաները ծանոթացան վանքի բակում բացված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուսանկարային թեմատիկ ցուցադրությանը:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց Չեռնոգորիայի և Սերբիայի կենտրոնական հեռուստաալիքներով և մամուլով: