Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալբանիայում

26 ապրիլի, 2015

Ապրիլի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Մոնդիալ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Ալբանահայերի միության պատվավոր նախագահ Ծովասար Չախմախչյանի և քարտուղար Ռենիս Պրիֆտի-Յախանեջյանի կազմակերպմամբ, Փիրանյան և Զախարյան ընտանիքների աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Ալբանիայի տարբեր քաղաքներից ժամանած հայեր, Ալբանիայի հրեական միության, փոքրամասնությունների հարցերով պետական վարչության, համալսարանական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ալբանիայի վաստակավոր պրոֆեսոր Ծովասար Չախմախչյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ալբանիայում հանգրվանած հայ ընտանիքների պատմությունը` մատնանշելով ալբանացի ժողովրդի հյուրընկալ վերաբերմունքն ու աջակցությունը: Այնուհետև պրոֆեսոր Չախմախչյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի նշանակությունը և խոսեց իր ընտանիքի ջանքերով նկարահանվող Ալբանիայի հայերի մասին վավերագրական ֆիլմի մասին: Ներկաները հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմի առաջին հատվածը:

Կից սրահում ներկայացվեց Հայոց ցեղասպանության թեմայով լուսանկարների, մամուլի հրապարակումների, Ցեղասպանության հետևանքով Ալբանիայում հաստատված հայ ընտանիքների, ինչպես նաև ալբանահայերի միության ծավալած գործունեության վերաբերյալ լուսանկարների, հայերեն գրքերի ցուցադրություն: 

Տպել էջը