Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանի քաղաքներում
26 ապրիլի, 2015Ապրիլի 23-ին Սալոնիկի «Տեր-Զաքարյան» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը:
Ապրիլի 24-ին Հայ գթության խաչի Սալոնիկի «Անի» մասնաճյուղի կազմակերպմամբ կատարվեց արյունատվություն: Նույն օրը Սուրբ Աստվածածին եկեղեցում Սմբատ աբեղա Սապունջյանի կողմից մատուցվեց գոհաբանական աղոթք: Ողջույնի խոսքով հանդես եկավ Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Ապոստոլոս Ձիձիկոստասը:
Ապրիլի 26-ին Սալոնիկում` Մակեդոնիայի համալսարանի «Տելետոն» սրահում, կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական միջոցառումը` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ: Միջոցառմանը Հունաստանի կառավարությունը ներկայացնում էր Մակեդոնիա-Թրակիայի հարցերով ներքին գործերի նախարարի տեղակալ Մարիա-Կոլլա Ցարուխան, որն իր խոսքում նշեց. «Ես այսօր այստեղ եմ` որպես Հունաստանի կառավարության ներկայացուցիչ, և Ձեզ եմ փոխանցում վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, ներքին գործերի և վարչական վերակառուցման նախարար Նիկոս Վուցիսի և ողջ Հունաստանի ժողովրդի վշտակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին, որ 100 տարի առաջ զոհ դարձավ սարսափելի մի ոճրագործության, որը 1.5 միլիոն մարդկանց կյանք խլեց»:
Ելույթներով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետ Ապոստոլոս Ձիձիկոստասը, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչը: Օրվա գլխավոր բանախոսն էր թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքոլուն, որի բանախոսությունը կրում էր «Թուրք հասարակության մերձեցումը Հայոց ցեղասպանության ճանաչմանը» խորագիրը:
Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթ ունեցավ Կալամարիայի երկսեռ երգչախումբը: Միջոցառման ավարտին մասնակիցները քայլարշավով ուղղվեցին դեպի Հունական երրորդ բանակի հուշակոթող, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն Հունաստանի կառավարության, դեսպան Ղալաչյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, Հունական երրորդ բանակի հրամանատարության, Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: Բանակային նվագախումբը հնչեցրեց Հայաստանի և Հունաստանի օրհներգերը:
Ապրիլի 26-ին Կավալայի «Օսկար» կինոթատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ելույթներով հանդես եկան Հունաստանի կառավարության կողմից Արդյունաբերության վերականգման, բնապահպանության և էներգետիկայի նախարարի տեղակալ Պանայոտիս Սգուրիդիսը, մարզպետի տեղակալ Թեոդորոս Մարկոպուլոսը, Կավալայի քաղաքապետ Դիմիտրա Ցանական: Դեսպան Ղալաչյանի ուղերձն ընթերցեց դեսպանության երրորդ քարտուղար Մարիամ Հարությունյանը: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Աթենքի «Պանդեո» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դասախոս Խրիստոդուլիս Յալուրիդիսը, որի ելույթը կրում էր «Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց. հաշվետվություն և արդարություն» խորագիրը: Միջոցառման երաժշտական հատվածում Սիրանույշ Չալիկյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Տիգրանյանի, Բախ-Գունոյի ստեղծագործությունները: «Համազգային» մշակութային կենտրոնի «Նաիրի» պարախումբը ներկայացրեց պարուսույց Էդգար Եղյանի «Ջարդ», «Դեր-էյր-Զոր» և «Արցախ» պարային բեմադրությունները: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քայլարշավ և դափնեպսակների զետեղում:
Ապրիլի 24-ին Քսանթիում` հայկական ակումբում, տեղի ունեցավ արյունատվություն` Հայ գթության խաչի կազմակերպմամբ:
Ապրիլի 23-ին Ալեքսանդրուպոլսում Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի և Հայ Դատի մարզային հանձնախմբի կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը: Արարողության ավարտին հնչեցին Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի բոլոր եկեղեցիների զանգերը, Պարետ քահանա Խաչերյանի կողմից կատարվեց գոհաբանական աղոթք: Եկեղեցու խաչքարի առջև ողջույնի խոսքով հանդես եկան քաղաքապետի և փոխնահանգապետի, Պոնտոսցիների միության և հայ համայնքի ներկայացուցիչները: Միջոցառումն ավարտվեց դափնեպսակների զետեղմամբ:
Առաջին անգամ հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Էվրոս շրջանի Օրեստիադա և Դիդիմոտիխո քաղաքներում:
Ապրիլի 19-ին Օրեստիադայի քաղաքապետարանի «Պոլիկենտրո» սրահում տեղի ունեցավ հասարակական գիտությունների պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսի դասախոսությունը «Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց. ճշմարտության համար պայքարը շարունակվում է» խորագրով:
Ապրիլի 18-ին Դիդիմոտիխոյի Սուրբ Գևորգ եկեղեցում կայացավ հոգեհանգստի արարողություն: Նույն օրը քաղաքապետարանում ցուցադրվեց Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմը: Ելույթներով հանդես եկան հունահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Դիդիմոտիխոյի քաղաքապետը և մետրոպոլիտը:
Կալամատայում և շրջակա բնակավայրերում բնակվող հայությունը մասնակցեց Սուրբ Նիկոլայոս եկեղեցում կայացած հոգեհանգստյան արարողությանը, որի ավարտին տեղի ունեցավ քայլարշավ դեպի Մարտի 23-ի կենտրոնական հրապարակ և դափնեպսակների զետեղում: Կալամատայի քաղաքապետ Պանայոտիս Նիկասն իր խոսքում նշեց, որ հայերին և հույներին միավորել է տառապանքի հուշը և վերահաստատեց քաղաքապետարանի հանձնառությունն` աջակցելու Կալամատայում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմանը:
Կոս կղզու փոքրաթիվ հայ համայնքը ևս միացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: Ապրիլի 24-ին քաղաքապետարանի նիստերի սրահում կայացած միջոցառմանը ելույթ ունեցավ Կոսի փոխքաղաքապետը, ով քաղաքապետի անունից իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին: Համայնքի անունից ելույթ ունեցավ Ալինա Սաքանյանը` կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը` իբրև արդարության համար հայ ժողովրդի պայքարի վերանորոգման մեկնակետ: Այնուհետև Ազատության հրապարակից տեղի ունեցավ քայլերթ և դափնեպսակների զետեղում Անհայտ զինվորի հուշարձանին:
Հունաստանի տարբեր քաղաքներում կայացած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին հունական զանգվածային լրատվության միջոցներով: Դեսպան Ղալաչյանը հարցազրույցներ տվեց Աթենական-Մակեդոնական լրատվական գործակալությանը և «Էթնոս» օրաթերթին: