Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բրյուսելում
26 ապրիլի, 2015Ապրիլի 26-ին Բրյուսելում` Բելգիայի Արվեստների պալատի հռչակավոր համերգասրահում, կայացավ Բելգիայի ազգային նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Բելգիայի Արվեստների պալատի, «Քեզ համար, Հայաստա՛ն» փառատոնի և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից:
Համերգին ներկա էին Բելգիայի մշակույթի նախարար Ջոել Միլկեն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Բելգիայի պետական մարմինների ու ԵՄ կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, Բելգիայի հասարակության լայն շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` թվով շուրջ 2500 հոգի:
Միջոցառման մեկնարկին Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մագարյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը նշեց, որ Ցեղասպանության կազմակերպիչների նպատակն էր ոչ միայն բնաջնջել հայ ազգը, այլև նրա դարավոր և հարուստ մշակութային ժառանգությունը: Ներկայացնելով մեր մշակույթն աշխարհին` մենք վերահաստատում ենք մեր հզոր մշակութային ավանդույթները, կիսում մեր երաժշտության, արվեստի բերկրանքը մեր բարեկամների հետ: Դեսպանն ընդգծեց մշակույթի պահպանման ու հարստացման հրամայականը և մշակութային երկխոսության զարգացման կարևորությունը չարիքի նկատմամբ քաղաքակրթության հաղթանակի գործում:
Համերգը, որը բելգիական պարբերականների կողմից անվանվեց տարվա կենտրոնական մշակութային միջոցառումներից մեկը, ղեկավարում էր հայտնի դիրիժոր Ջորջ Փելհիվանյանը, իսկ դրա մենակատարներն էին հռչակավոր երաժիշտներ Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Մաքսիմ Վենգերովը: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Մաքս Բրուխի, Ալեքսանդր Հարությունյանի և երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ստեղծագործությունները:
Համերգը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից և լայնորեն լուսաբանվեց բելգիական մամուլում: