Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Ռուսաստանում

25 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո և հիշատակման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և ՌԴ պետական և քաղաքական գործիչներ, Մոսկվայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և միջազգային ու տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, Մոսկվայի հայ համայնքի անվանի գործիչներ և հազարավոր մոսկվաբնակ հայեր:

ՀԱԵ վանական համալիրի տարածքում գտնվող «Սուրբ Պայծառակերպություն» եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ 1915թ.-ին Օսմանյան կայսերությունում նահատակված 1.5 միլիոն հայերի:

Այնուհետև վանական համալիրի տարածքում ՌԴ-ում ՀՀ դեսպանի կողմից բացվեց 1915թ.-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ու տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողություն:

***
Ապրիլի 20-ին Մոսկվայի գրականագետների կենտրոնական տանը “Ռուսաստանի հայերի միության” նախաձեռնությամբ և Մոսկվայի Կառավարության, ՌԴ Կրթության նախարարության, ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարցերի խորհրդի հետ համագործակցությամբ կայացավ գրականագիտական երեկո: Երեկոն վարեց Ռուսաստանի գրողների միության մոսկովյան բաժանմունքի քարտուղար Ա.Օհանյանը: Ելույթներով հանդես եկան ՌՀՄ նախագահ Ա.Աբրամյանը, Ռուսաստանի գրողների միության մոսկովյան բաժանմունքի նախագահ Վ.Բոյարինովը: Երեկոյի ընթացքում ընթերցվեցին հայ դասական պոեզիայի ռուսերեն թարգմանություններ, հնչեցին ազգային երաժշտական կատարումներ և ներկայացվեցին ազգային պարային համարների բեմադրություններ:

* * *
Ապրիլի 20-ին Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Մենք հիշում ենք» խորագրով «Երեկո-ռեքվիեմը»:

Միջոցառման կազմակերպիչներն էին Հայկական Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը և Ցեղասպանության թանգարանը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայկական Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը:

Ընթերցվելց ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Ս.Նարիշկինի ուղերձը: Ելույթի խոսքով հանդես եկան ՌԴ նախագահի աշխատակազմի և Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի տնօրեն Վ.Զաբարովսկին և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հ.Դեմոյանը:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես և «Պատառոտված Հայաստան» ֆիլմի ցուցադրում:

Երեկոյին մասնակցեցին ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՌԴ և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք:
 

Տպել էջը