Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Եգիպտոսում
25 ապրիլի, 2015Ապրիլի 24-ին Կահիրեի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երեկոյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագ, որը մատուցում էր Տ.Գաբրիել Վրդ. Սարգսյանը։ Արարողությանը ներկա էին ՀՀ դեսպանը, օտարերկրյա դեսպաններ, ղպտի, ասորի, կաթոլիկ և հույն ուղղափառ եկեղեցիների հոգևոր հայրեր, եգիպտացի քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի անդամներ։
Ընթերցվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը, որից հետո ելույթ ունեցան Ալեքսանդրիայի Հայ կաթողիկ առաջնորդ Գրիգոր Օգոստինոս Ս․ եպիսկոպոս Գուսանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։ Վերջինս անդրադարձավ Երևանում ընթացող հիշատակի միջոցառումներին, դատապարտեց Անկարայի ժխտողական քաղաքականությունը` այն որակելով որպես ցեղասպանության հաջորդ փուլ, ընդգծեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը վճռական են իրենց նշանակալից ավանդը բերելու ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին։ Նա երախտիքի խոսքեր հղեց եգիպտացիներին` ցեղասպանությունից վերապրածներին ապաստան տրամադրելու և վերընձյուղման ու ազգային ինքնության պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու համար։
Արարողությունն ավարտվեց Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղակայված Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների հուշակոթողի մոտ տեղի ունեցած մոմավառությամբ և ծաղկեպսակների զետեղմամբ։
Վերջին օրերին Կահիրեում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ, որոնցից առավել հիշատակելի են.
Նախօրեին Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ ցուցադրության հանրային դիտումը, որի ավարտին 100 անգամ հնչեցվեց եկեղեցու մեծ զանգը։
Ապրիլի 23-ին Կահիրեի ամերիկյան համալսարանում «Վերանայելով «հետ-օսմանյան» հայերի բռնագաղթեցումը և Մերձավոր Արևելքի ձևավորումը» խորագրով դասախոսությունը, որը վարում էր Կահիրեի ամերիկյան համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի տնօրեն, մարդաբանության դոցենտ Հաքեմ ալ-Ռուստոմը։ Վերջինս Հայոց ցեղասպանությունը բնութագրեց, ոչ թե որպես անցյալում ավարտված գործողություն, այլ մինչև օրս շարունակվող գործընթաց։