Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անդրադարձ Վիետնամում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին վիետնամական «AN VIEN» հեռուստաընկերությունը հատուկ թողարկում հեռարձակեց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հաղորդման ընթացքում նշվեց, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հիշատակվեց, որ հայերը եղել են Օսմանյան կայսրության տարածքում ապրող քրիստոնյա փոքրամասնություններից, որոնցից 1.5 միլիոնը զոհ է գնացել Օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորածներին։

Նույն հաղորդման շրջանակներում ցուցադրվել է Ballista բրիտանական ֆիլմարտադրող ընկերության կողմից նկարահանված «The Blue Book: Evidence of Armenian Genocide» փաստավավերագրական ֆիլմը՝ վիետնամերեն կրկնօրինակմամբ։

Ֆիլմին հաջորդել է ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի խոսքը՝ ուղղված վիետնամացի հեռուստադիտողին։ Իր ելույթում դեսպան Վարդանյանը մասնավորապես ասել է. «Հայոց ցեղասպանությունը ոչ այլ ինչ էր, քան մի ողջ ազգի բնաջնջում, ցեղասպանություն, որը պետք է ճանաչի և դատապարտի համայն մարդկությունը, ինչի համար անհրաժեշտ է իմանալ համաշխարհային պատմությունը, այլ ոչ թե խեղաթյուրել այն։ Հուսով եմ, որ միջազգային հանրությունն ի վերջո կկարողանա ստեղծել ցեղասպանությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման անաչառ մեխանիզմ։ Մենք երախտապարտ ենք այն բոլոր պետություններին, որոնք օգնության ձեռք մեկնեցին մեր ազգին այդ աղետալի տարիներին, ինչպես նաև այն պետություններին, որոնք ճանաչեցին և դատապարտեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»։

Հաղորդումը եզրափակել է Հայոց cեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը՝ վիետնամերեն թարգմանությամբ։

Ստորև ներկայացնում ենք հաղորդման մասին պատմող վիետնամական «AN VIEN» հեռուստաընկերության հոդվածը։

http://truyenhinhanvien.vn/tin-avg/201504/100-nam-vu-tham-sat-1-5-trieu-nguoi-armenia-11644/
 

Տպել էջը