Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Լիոնում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ի առավոտյան Լիոնի Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո և հիշատակման արարողությունը, որին մասնակցեցին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկսովը, Ռոն-Ալպ տարածաշրջանի պրեֆեկտ Միշել Դելպեշը, Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը, Լիոնի արքեպիսկոպոս Ֆիլիպ Բարբարանը, տարբեր եկեղեցիների առաջնորդներ, պատգամավորներ և սենատորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, Ռոն-Ալպի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լիոնի հայ համայնքի անվանի գործիչներ և հազարավոր լիոնցիներ:

Այնուհետև սկսվեց բազմամարդ Արդարության երթը դեպի Լիոնի «Բելքուղ» հրապարակին հարող Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների հուշահամալիր, որտեղ երթի մասնակիցներին միացան բազմաթիվ լիոնցիներ:

Հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը սկսվեց «Զանգակներ» մանկական երգչախմբի կողմից Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգի կատարմամբ: Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների տարածաշրջանային համակարգող խորհրդի ղեկավարը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Լիոնի քաղաքապետը, Ռոն-Ալպ տարածաշրջանի պրեֆեկտը, Ռոն-Ալպ տարածաշրջանային խորհրդի փոխնախագահը, Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը: Ողջ միջոցառումը հեռարձակվում էր քաղաքի կենտրոնական մասում տեղադրված էկրաններով: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո` տեղական ժամանակով 19:15-ին, համաժամանակյա հնչեցին Լիոնի բոլոր եկեղեցիները զանգերը:

Ապրիլի 22-ին Լիոնի մերձակա Վո-Ան-Վըլան քաղաքում` «Ապրիլի 24» անունը կրող հրապարակում, քաղաքապետ-պատգամավոր Էլեն Ժոֆրուայի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Նախկին ռազմիկների և Հիշողության հարցերով նախարար Ժան-Մարկ Տոդեշինիի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի, Լիոնի 1-ին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի, Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտուրայի, Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պաշտոնյաների, տեղական պատգամավորների և մի քանի հարյուր ներկաների մասնակցությամբ կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Վո-Ան-Վըլանի քաղաքապետը, Ֆրանսիայի Նախկին ռազմիկների և Հիշողության հարցերով նախարարը, ՀՀ գլխավոր հյուպատոսը և այլ պաշտոնյաներ: Պաշտոնատարար անձնաց կողմից ծաղկեպսակների զետեղումից հետո պաշտոնատար անձինք կատարեցին Հայոց ցեղասպանության նահատակ կանանց նվիրված «Կենաց ծառը» հուշաքարի բացումը:

Ռոն-Ալպ տարածաշրջանային խորհուրդը, ՀՀ Մշակույթի նախարարության և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ և համագործակցությամբ, կազմակերպեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ելույթներով հանդես եկան Ռոն-Ալպի տարածաշրջանային խորհրդի նախագահ, նախկին նախարար Ժան-Ժակ Քեյրանը և Լիոնում ՀՀ փոխհյուպատոս, ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար Վաներ Հարությունյանը: Այնուհետև տեղի ունեցավ Կոմիտասի անվան պետական քառյակի ելույթը:

Միջոցառումները եզրափակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիահայ հայտնի վերլուծաբան Ժերար Շալյանի կազմակերպած գիտաժողովով:

Ապրիլի 24-ին միջոցառումներ տեղի ունեցան նաև Ֆրանսիայի Վալանս, Գրենոբլ, Սենտ-Էտյեն և Սեն-Շամոն քաղաքներում:

Տպել էջը