Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Քուվեյթում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի մասնակցությամբ Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողություն և մոմավառության խորհրդանշական երթ, որից հետո ներկաները եկեղեցու դահլիճում ունկնդրեցին ոգեկոչման միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան ազգային-ազատագրական երգերի կատարմամբ և ասմունքով:

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ, գերապատիվ Տեր Մասիս ծայրագույն Վարդապետ Զոփույանն, իր խոսքում անդրադառնալով Մեծ Եղեռնի նահատակների սրբադասման խորհրդին, պատգամեց միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:

Ապրիլի 24-ի առավոտյան Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցում պատարագ մատուցվեց, որին ներկա գտնվեցին նաև Քուվեյթում Վատիկանի ներկայացուցիչը, Քուվեյթում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:

Երեկոյան կայացավ Քուվեյթում ՀՀ դեսպանության և համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկո: Ելույթով հանդես եկավ դեսպան Չարչօղլյանն, ով իր խոսքում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում առկա ձեռքբերումներին և հրամայականներին` մասնավորապես նշեց. «Թուրքիան, տեսնելով իր ժխտողականության քաղաքականության բացահայտ տապալումը, փորձում է ժխտողականությունը սքողել «ընդհանուր ցավի» կեղծ դրույթով` վկայակոչելով, թե իբր հայերի կողքին զոհվել են նաև շատ թուրքեր և այլոք` կեղծավորությամբ հավասարեցնելով զոհին և մարդասպանին: Սա մեզ համար նույնքան ու թերևս էլ ավելի աններելի և վիրավորական է, որքան բացահայտ ժխտողականությունը»:

Դեսպան Չարչօղլյանը նաև շնորհակալություն հայտնեց ողջ քուվեյթահայ համայնքին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համատեղ կազմակերպման գործում ակտիվ և սերտ համագործակցության համար:

Երեկոյի շրջանակներում համայնքի ներկայացուցիչներն ասմունքեցին հատվածներ հայ դասականների` օրվա խորհրդին նվիրված ստեղծագործություններից, հնչեցին դաշնամուրային և երգչախմբային կատարումներ:

ՀՀ դեսպանությանն իրենց միասնությունը և զորակցությունը հայտնելու նպատակով ապրիլի 24-ին նախորդող օրերի ընթացքում դեսպանություն այցելեցին քուվեյթահայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Քուվեյթում ապրող և աշխատող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ:

Քուվեյթի կենտրոնական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձան այս օրերին Հայաստանում և ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի ունեցող իրադարձություններին: 

Տպել էջը