Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումներն Արաբական Միացյալ էմիրություններում
24 ապրիլի, 2015Ապրիլի 23-ին Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ելույթ ունեցան Աբու Դաբիի կիրակնօրյա վարժարանի աշակերտները, Աբու Դաբիի երիտասարդական երգչախումբը, ասմունքով հանդես եկավ Ատիս Մուրադյանը, որին հետևեց «Հայկական հուշակոթողների վիճակը Արևմտյան Հայաստանում» տեսաֆիլմի դիտումը։
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն, իր խոսքում հիշեցնելով օրվա պատգամը, անդրադարձավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին և նրա հնչեցրած 4 ուղերձին՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ։ Կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանի աղոթքին և օրվա խորհրդին ու նահատակների սրբադասմանը նվիրված խոսքին հետևեց մոմավառությունը դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված խաչքարի առջև։
Ապրիլի 23-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից ուղիղ հեռարձակվեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որին հետևեց «Օհաննեսյան» վարժարանի աշակերտների աշխատանքների ցուցադրությունը։
Ապրիլի 24-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած պատարագից հետո համալիրի բակում տեղի ունեցավ մոմավառություն, ապա կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանը, դեսպան Ղարիբջանյանը և նվիրատու Վիկտոր Բարութը բացեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ էմիրություններում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունները շարունակական են լինելու ամբողջ տարվա ընթացքում։