Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Սիրիայում
24 ապրիլի, 2015Ապրիլի 23-ին Դամասկոսի պետական համալսարանում «Սիրիայի ավերածության վերականգում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Դամասկոսի համալսարանի դասախոսներն ու եվրոպացի գիտնականները: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա անդրադարձավ հայ-սիրիական պատմական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում սիրիացիների եղբայրական վերաբերմունքին և այդ կապակցությամբ հայ ժողովդրի երախտագիտությանը:
Նույն օրը` երեկոյան, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Էջմիածնից ուղիղ եթերով ցուցադրվեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, ապա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի, Դամասկոսի հայ և քույր այլ եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջեցին:
Ապրիլի 24-ին Դամասկոսի հայկական Սուրբ Սարգիս և Թագուհի Տիեզերաց եկեղեցիներում մատուցվեցին Սուրբ պատարագներ, որից հետո Դամասկոսի հոգևոր առաջնորդներն ու միությունների անդամներն այցելեցին Սիրիայում ՀՀ դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին: Միությունների ներկայացուցիչներին ողջունելուց հետո դեսպան Փոլադյանն անդրադարձավ Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` կարևորելով պետության դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում և աշխարհասփյուռ հայության անելիքները:
Նույն օրը` երեկոյան, հայ Կաթողիկե «Ամինյան» սրահում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում ելույթներ ունեցան Սիրիայի Ժողովրդական ժողովի Ազատությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Բադիի Սակկուրը, Ժողովրդական ժողովի ազգային հաշտեցման հանձնաժողովի նախագահ Օմար Օսեն, հայտնի իրավաբան, միջազգայնագետ Ջորջ Ջաբուրը, ճանաչված մտավորական, Հայոց ցեղասպանության թեմայով «Հողի եղբայրներ» ֆիլմի հեղինակ Հասան Մ. Յուսեֆը և դեսպան Փոլադյանը: Ելույթ ունեցող սիրիացի հասարակական-քաղաքական գործիչները խստորեն դատապարտեցին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունը, արդի թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը` իրենց համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:
Իր ելույթում դեսպան Փոլադյանը երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայից գաղթած հայերի նկատմամբ սիրիացիների ցուցաբերած վերաբերմունքի համար` կարևորելով Սիրիայի ներկա իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
Միջոցառմանը մասնակցեցին սիրիացի մտավորականներ, քաղաքական գործիչներ, Ժողովրդական ժողովի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ և բազմաթիվ սիրիահայեր:
Ապրիլի 26-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված Սուրբ պատարագ, որին ներկա էին դեսպան Փոլադյանը, Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների պատրիարք Աֆրամ 2-րդը, քույր եկեղեցիների այլ առաջնորդներ, աշխարհի տարբեր երկրներից Սիրիա ժամանած խաղաղության նվիրակներ, Սիրիայի կառավարության անդամներ, Դամասկոսի նահանգապետ Բըշըր Սաբբանը, դրուզական համայնքի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ:
Պատարագին հաջորդեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիվանավորությամբ Դամասկոսի Ազգային առաջնորդարանի և պատմական Բաբ Շարկի կամարի հարևանությամբ Դամասկոսի նահանգապետարանի կողմից հատկացված հրապարակը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հրապարակ անվանակոչելու հիմնարկեքի արարողությունը:
Նույն օրը տեղի ունեցավ մոմավառության երթ Քասաա հայկական հին թաղամասից մինչև Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց նոր հրապարակը: Երթին մասնակցում էին դեսպան Փոլադյանը, Դամասկոսի հոգևոր առաջնորդներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ և հազարավոր սիրիահայեր ու դամասկոսցիներ:
Նմանատիպ միջոցառումներ տեղի ունեցան նաև Հալեպում, որոնց մասնակցեցին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, Հալեպի նահանգապետը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հալեպահայեր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան նաև Հասաքեում, Ղամշլիում և այլուր:
Բոլոր միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին սիրիական մամուլում: