Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Շվեյցարիայում
24 ապրիլի, 2015Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի մերձակա Տրուանե քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ, որին մասնակցում էին Շվեյցարիայի տարբեր եկեղեցական թեմերի, ռուս ուղղափառ եկեղեցու, ղպտիական եկեղեցու հոգևոր առաջնորդներ, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ:
Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեորգի Քոչարյանը, Տրուանեի քաղաքապետ Պոտեր Վան Լոոն և շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչ Վիգեն Բայրամյանը:
Նույն օրը Բեռնի Մինսթեր մայր տաճարի դիմաց՝ կենտրոնական Մինսթերպլաց հրապարակում, շվեյցարահայ համայնքային կառույցների կողմից կազմակերպվել էր մեծ հանրահավաք:
Այնուհետ Մինսթեր մայր տաճարում Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումն սկսվեց Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանի և գերմանախոս մասի քահանա Շնորհք Չեքիջյանի աղոթքով, այնուհետև ելույթներով հանդես եկան Բեռն Կանտոնի գործադիր խորհրդի նախագահ Բարբառա Եգգեր-Յենցերը, հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի Պետական խորհրդի անդամ Հանս Ալթհերը, ինչպես նաև Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի Ազգային խորհրդի և միաժամանակ Ժնևի վարչական խորհրդի անդամ Գիյոմ Բարազոնեն:
Բացման ելույթներից հետո ներկաներն ունկնդրեցին հայ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի «Լույսի պատարագ»-ը` մեներգիչներ Արամ Օհանյանի, Քրիստիան Բոեսիգերի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Մյունխենբուխսեյի մանկական երգչախմբի, «Արդենտ» երգչախմբի կատարմամբ և Բեռնի կամերային նվագախմբի նվագակցությամբ:
Երեկոյի ընթացքում հայերենով և գերմաներենով ընթերցվեցին Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի բանաստեղծությունները: